ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ, որ ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնվել վերջին շրջանում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կապակցությամբ, որը նշանավորվել է ՀՀ նախագահի հրավերով Սերբիայի նախագահի Երեւան կատարած պաշտոնական այցով:

Է. Նալբանդյանն իր սերբ գործընկերոջը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները: Վուկ Յերեմիչը, շնորհակալություն հայտնելով Կոսովոյի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար, ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի քննարկման ընթացքը եւ սերբական կողմի ակնկալիքները: Վուկ Յերեմիչը վերահաստատել է Էդվարդ Նալբանդյանին Բելգրադ այցելելու հրավերը:

Ղազախստանի նորանշանակ ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան բարեկամ Ղազախստանի դիվանագիտության ղեկավար նշանակվելու կապակցությամբ եւ հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը` օժանդակելու ԵԱՀԿ-ում հաջորդ տարի Ղազախստանի նախագահությանը: Նախարարներ Նալբանդյանն ու Սաուդաբաեւը հանգամանալից քննարկել են հայ-ղազախական համագործակցության զարգացման ուղիները, միջազգային կազմակերպություններում աշխատանքների համադրմանը եւ ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Ավստրիայի ԱԳ նախարար Շպինդել Էգեռի հետ, որտեղ քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստան – ԵՄ հարաբերությունները եւ այդ շրջանակներում երկու երկրների գործակցության հնարավորությունները: Նախարար Էգեռի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումները:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է նաեւ Ավստրալիայի, Կանադայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ: Է. Նալբանդյանը իր ավստրալացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երեւան: