ВВС բրիտանական կորպորացիան մարտի 26-ին դադարեցնում է ռուսալեզու հաղորդումների հեռարձակումը, իսկ նրա «Ռուսական ծառայությունը» 65 տարի եթերում լինելուց հետո եթեր կհեռարձակվի ինտերնետում։ Հեռարձակումը կավարտվի Գրինվիչի ժամանակով 18:30-ին (Մոսկվայի ժամանակով 21:30), եթեր հեռարձակվող վերջին հաղորդումը կդառնա «Հինգերորդ հարկը»:
«Մենք հպարտության զգացումով ենք դադարեցնում հեռարձակումը։ Մեր հաղորդումները ժառանգություն են թողել միլիոնավոր ռադիոլսողների մտքերում եւ սրտերում։ Մենք կշարունակենք զարգանալ եւ մեր լսարանի հետ շփվել այլ պլատֆորմների՝ առաջին հերթին ինտերնետի եւ բջջային սարքերի օգնությամբ»,- ասել է ծառայության ղեկավար Սառա Գիբսոնը։
Կորպորացիան փակում է ռուսերեն լեզվով հեռարձակվող երեք՝ «Վաղ ժամ», «Առավոտը ВВС-ում» եւ «Երեկոն ВВС-ում» ռադիոծրագրերը։
Բացի այդ, «ВВС-ի համաշխարհային ծառայությունը» Ռուսաստանում կդադարեցնի նաեւ անգլալեզու հեռարձակումը կարճ եւ միջին ալիքներով։
Նշենք, որ նմանօրինակ միջոցները պայմանավորված են կորպորացիայի բյուջեի էական կրճատմամբ։ Սպասվում է, որ ընթացիկ տարվա ВВС-ի արտասահմանյան հեռարձակման ծառայություններում աշխատանքը կկորցնի 433 մարդ, իսկ մոտակա երեք տարիներին՝ ներկայիս 2,4 հազար աշխատակիցներից՝ 650-ը։





























