Այսօր, սեպտեմբերի 28-ին համաշխարհային կինեմատոգրաֆի ներկայացուցիչները ստորագրել են նախօրեին Ցյուրիխում ձերբակալված ռեժիսոր Ռոման Պոլանսկու ազատ արձակման պահանջով հանրագիրը,- հաղորդում է AFR-ը։

Գործակալության տվյալների համաձայն, Շվեյցարիայի իշխանություններին ուղղված դիմումի տակ արդեն իրենց ստորագրությունն են դրել դերասանուհիներ Մոնիկա Բելուչին ու Ֆաննի Արդանը, ռեժիսորներ Վոնգ Կար Վայն ու Կոստա Գավրասը եւ Էտտորե Սկոլան, ինչպես նաեւ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները։

Ավելի վաղ Պոլանսկու ձերբակալման դատապարտմամբ են հանդես եկել Ֆրանսիայի իշխանությունները, որի քաղաքացին է Պոլանսկին։ Նախագահ Նիկոլյա Սարկոզին պահանջել է Շվեյցարիայի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ռեժիսորին, որը հրավիրված էր մասնակցելու Ցյուրիխի կինոփառատոնին, որտեղ նրան պետք է մրցանակ հանձնեին։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ են պատրաստվում հանդես գալ նաեւ Լեհաստանի իշխանությունները։ Ըստ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի, հարցը մոտ ժամանակներս քննարկվելու է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշների հետ։

Հիշեցնենք, որ հայտնի ռեժիսորը ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին Շվեյցարիա ժամանելուն պես։ Նրա ձերբակալման օրդերը դուրս են գրել ամերիկյան իշխանությունները դեռեւս 1978 թվականին, երբ նրան մեղադրել էին 13-ամյա աղջնակի հետ սեռական կապի մեջ։ Բանտարկությունից խուսափելու նպատակով ռեժիսորը երկար տարիներ չի եղել Ամերիկայում եւ խուսափել է այցելել Մեծ Բրիտանիա՝ երկյուղելով հնարավոր արտաքսումից։