«Հայաստանը, ունենալով ընդամենը 3 միլիոնանոց բնակչություն, կարողացել է հաղթող դառնալ շախմատային վերջին երկու օլիմպիադաներում՝ հաղթելով այնպիսի թիմերի, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն: Ինչպե՞ս է դա հնարավոր»,- զարմացել էր BBC-ի թղթակից Դեվիդ Էդմոնդսը եւ իր համար նման անհասկանալի հանելուկը գուշակելու համար նախաձեռնել էր ուղեւորություն Հայաստան:
Էդմոնդսի արկածներն ու հանելուկի լուծումը սկսվեցին արդեն «Զվարթնոց» օդանավակայանում: Ահա թե ինչ է նա գրում այդ ամենի մասին.
«Առաջին մարդը, որին ես հանդիպեցի Հայաստանում, անգլերեն որեւէ բառ չէր խոսում: Նա տաքսիստ էր, որ ինձ տարավ հյուրանոց: Բայց երբ մենք մի կերպ ծանոթացանք, պարզվեց, որ նրան անվանում են Տիգրան Պետրոսյան: Տարօրինակ զուգադիպություն, ախր 1963թ. հենց Տիգրան Պետրոսյանը հաղթեց Բոտվինիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն»:
Այնուհետ Էդմոնդսը անդրադառանում ԽՍՀՄ-ում շախմատի զարգացմանը, մի երկիր, որը, ըստ նրա, շախմատային գերտերություն ստեղծեց, որ ապացուցի եւ ցուցադրի կապիտալիզմի նկատմամբ սոցիալիզմի ունեցած առավելությունը:
Իսկ Հայաստանում, խոսելով մարդկանց հետ, Էդմոնդսը հետեւյալն է լսել. «Ամերիկայում յուրաքանչյուրը կարող է հիշել, թե որտեղ էր ինքը, երբ սպանեցին Քենեդուն: Հայաստանում որոշակի տարիքի մարդիկ կհիշեն այն պահը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն»:
Լսելով այդ արտահայտությունը՝ Էդմոնդսը եկել է այն եզրահանգման, որ այդ ժամանակից մարդիկ Հայաստանում տարվել են շախմատով: Եւ նա որոշել է զրուցել Հայաստանի եւ նրա շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկրի ղեկավարն իր հերթին լրագրողին ասել է, թե «մենք չենք ցանկանում, որ Հայաստանն աշխարհին հայտնի լինի միայն երկրաշարժով ու Ցեղասպանությամբ: Մենք գերադասում ենք, որ այն հայտնի լինի շնորհիվ շախմատում տարած հաջողությունների»:
Իր հետազոտության վերջին փուլում Էդմոնդսը հանդիպել է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին, որն ընդհանուր ոչինչ չունի իր ազգանվանակցի՝ հայկական շախմատի լեգենդի հետ: Տաղանդավոր շախմատիստը հայտնել է անգլիացուն, որ մեծ գրոսմայստերի կողմից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո իր հայրը երազել է որդի ունենալ եւ անվանել Տիգրան: Բացի այդ Էդմոնդսը խաղի երկպրագուներից ճշտել է, որ ներկայումս ամենաուժեղ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը նույնքան հայտնի է Հայաստանում, որքան Դեվիդ Բեքհեմը Անգլիայում…
Հավանաբար, նման տեղեկություններից հետո Էդմոնդսը կարողացել է համապատասխան եզահանգումներ անել եւ գուշակել ֆենոմենը, որ սկզբնապես իր համար Սֆինքսի հանելուկ էր:




























