Երեկ Ստամբուլի Hagia Eirene թանգարանում բարեգործական համերգ է տեղի ունեցել՝ ժողովրդական ազգային երաժշտությունը ներկայացնող հայ եւ թուրք երաժիշտներ Արա Դինքջյանի ու Էրդալ Աքքայայի մասնակցությամբ։

Համերգը կոչվում էր «Արմատներ եւ ճյուղեր» եւ կազմակերպվել էր Մտավոր ու ֆիզիկական արատներով մարդկանց հարցերով թուրքական ասոցիացիայի կողմից։ Անհրաժեշտ է նշել, որ համերգը նվիրված էր ոչ միայն դրամահավաքին։

«Մենք Դինքջյանի հետ այդ նախագծի վրա աշխատել ենք շուրջ մեկ տարի, սկսել ենք այդ նախաձեռնությունը հանուն մարդասիրության, սիրո եւ ի հիշատակ Անատոլիայի։ Սա նաեւ սոցիալական պատասխանատվություն կրող նախագիծ է։ Այնպես որ, մենք պատրաստվում ենք կատարել մեր ընդհանուր պատմությունը կազմող այնպիսի մեղեդիներ, որոնք արտահայտում են ուրախություն ու տխրություն»,- հայտարարել է Աքքայան։ Դինքջյանն, իր հերթին, նշել է. «Մենք այստեղ ենք, որպեսզի պարզենք, թե ինչ ընդհանուր բան կա մեր ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ տարբերությունների նկատմամբ հարգանք դրսեւորելու համար»։

Արա Դինքջյանը ծնվել է մի ընտանիքում, որն ապրել է Անատոլիայի հարավ-արեւելքում գտնվող թուրքական Դիարբեքիր գավառում։ Նրա հայրը՝ Օնիկ Դինքջյանը, նույնպես զբաղվել է ազգային երաժշտությամբ։ Հետագայում ընտանիքը արտագաղթել է Միացյալ Նահանգներ։