«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կուսակցության եւ համանուն խմբակցության անունից նամակով դիմել է Երեւանում գործող 17 պետական, միջպետական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին, որտեղ մասնավորապես ասվում է.
«Չենք թաքցնում մեր հիասթափությունը նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանրային ու քաղաքական քննարկումների կապակցությամբ, քանի որ շատ դեպքերում դրանք խիստ մակերեսային բնույթ են կրում, իսկ հասարակության մեծամասնությունը, առավել եւս նրա ամենաակտիվ հատվածը` երիտասարդությունն ու ուսանողությունը, անհաղորդ են մնում ողջ հայության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ապագայի հետ ուղղակիորեն աղերսվող այդ քննարկումներին: Դիմում ենք Ձեզ խնդրանքով. մինչեւ հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպել հանդիպում Ձեր ԲՈՒՀ-ի ուսանողության հետ, որտեղ մենք եւ մյուս շահագրգիռ քաղաքական ուժերը բանավեճի ու քննարկումների ձեւաչափով մեր դիրքորոշումը կներկայացնենք ուսանողությանը եւ կպատասխանենք նրանց հուզող հարցերին: Մենք գրավոր պատասխանի տեսքով ակնկալում ենք հանդիպման վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ Ձեր առաջարկությունը»:




























