Սեպտեմբերի 25-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն այցելել է Օքսֆորդի համալսարանի Սբ. Աննայի քոլեջ, որտեղ մեկնարկել է Հայագիտական հետազոտությունների միջազգային ընկերակցության (ՀՀՄԸ) կազմակերպած եռօրյա հայագիտական սեմինարը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ընկերակցության նպատակն է հրատարակել բազմահատոր գիտական աշխատություն` նվիրված հայագիտության լեզվաբանություն, ընդհանուր բանասիրություն, պատմություն, արվեստներ ու ճարտարապետություն, գրականություն ոլորտներին: Անցած տարիներին ՀՀՄԸ արդեն կազմակերպել էր հինգ նմանատիպ սեմինար աշխարհի գիտական կենտրոններում, եւ Օքսֆորդում մեկնարկածը վերջին` գրականությանը նվիրված վեցերորդ հանդիպումն էր:
Ողջույնի խոսքում դեսպան Գաբրիելյանը կարեւորել է ՀՀՄԸ շարունակական աշխատանքը` հայագիտական խնդիրների ուսումնասիրությունն ու դրա արդյունքները հասարակության լայն հատվածներին հասու դարձնելը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր հայագետ Թեո վան Լինդին, որը Օքսֆորդյան հանդիպման գլխավոր կազմակերպիչն էր:
Սեմինարին մասնակցել են հայագիտության ոլորտի մասնագետներ՝ հայր Լեւոն Զեքիյանը, պրոֆ. Փիթըր Քոուին, Ջուստո Տրաինան, Վալենտինա Քալզոլարին եւ այլոք:




























