Ադրբեջանի շահերը միշտ էլ կարեւոր են եղել Թուրքիայի համար։ Մենք երբեք չենք դավաճանի Ադրբեջանին",- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանական Trend News գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք ցանկություն ենք հայտնել վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կարգավորման շուրջ բանակցությունները թեւակոխել են շատ պատասխանատու փուլ։ Մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը նախատեսող արձանագրությունը Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը կներկայացվի հաջորդ ամիս։ Մենք կարեւոր համաձայնություն ենք ձեռք բերել Շվեյցարիայի միջնորդությամբ, եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նախնական փաստաթուղթը ներկայացնել խորհրդարանին, եթե չբախվենք որոշ խոչընդոտների, եւ եթե այդ քայլը չի ձեռնարկվի միայն հաշվի առնելով ներքին քաղաքականության շահերը։ Սակայն ես հատկապես կցանկանայի պարզաբանել հետեւյալը. Մեր փորձերն ուղղված չեն եղբայրական Ադրբեջանի դեմ։ Մենք չենք համաձայնի կատարել մի քայլ, որը կհակասի Ադրբեջանի շահերին։ Մենք կարող ենք արագացնել համաձայնության ընդունման գործընթացը, սակայն դա կախված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից»,- հայտարարել է նա։
Էրդողանը տեղեկացրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին, եւ կստորագրեն նախնական փաստաթուղթը։ Արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էդվարդ Նալբանդյանը կստորագրեն երկու արձանագրությունները, որոնց տեքստերը ավելի վաղ համաձայնեցվել են եւ միջազգային մակարդակում ընդունվել են որպես լուրջ առաջընթաց։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, թուրքական կառավարության ղեկավարը նշել է. «Ինձ թվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որի խնդիրը ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխզիջում գտնելն է, հեշտ կլինի առավել ակտիվ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ը, որպես ՄԽ համանախագահ երկիր, պետք է կատարի իր պարտավորությունները։ Ես ասել եմ պարոն Օբամային, որ խնդրի լուծումը կանաչ լույս կվառի տարածաշրջանային համագործակցության առջեւ՝ ներառյալ եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Անհրաժեշտ է երկխոսություն հաստատել, որը կմիավորի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ կայունության ու համագործակցության ապահովման կովկասյան պլատֆորմի ստեղծման մասին Թուրքիայի առաջարկի համաձայն։ Թուրքիան մտադիր է տարածաշրջանը վերածել խաղաղության պատվարի եւ լուծել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական եւ ռուս-վրացական խնդիրներն այդ պլատֆորմի օգնությամբ»։




























