Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ին ավարտվել է Երեւանի թիվ 8 եւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքներում առաջադրվելու վերջնաժամկետը:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել է 3 թեկնածու՝ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, նույն ընտրատարածքի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ Կորյուն Նահապետյանը: Վերջին երկուսը անկուսակցականներ են: Ի դեպ, պատգամավորի մանդատը թափուր էր մնացել դատարանի կողմից Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացրած վճռից հետո:
Թիվ 25-ում առաջադրվել են 4 թեկնածու՝ Մխիթար Հարությունյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ անկուսակցականներ Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Հայրապետյանը եւ Մուշեղ Հարությունյանը: Պատգամավորի մանդատը թափուր էր մնացել Սասուն Միքայելյանի նկատմամբ կայացրած վճռից հետո: Ամենայն հավանականությամբ, այս ընտրատարածքում պատգամավոր կդառնա Մխիթար Հարությունյանը, որը 2007թ. մայիսի 12-ին պարտվել էր Սասուն Միքայելյանին:
Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 6-ին:




























