«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, ով չէր ստորագրել հանձնաժողովի զեկույցը, այսօր լրագրողներին է ներկայացրել իր սեփական զեկույցը, որն, ըստ նրա, լսվելու է ԵԽԽՎ-ում: ՆԺԿ ղեկավարն ասել է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պետք է լիագումար նիստ գումարեր` զեկույցը քննարկելու համար, քանի որ 140 էջանոց զեկույցին տեղում ծանոթանալն և ստորագրելը անլուրջ է:

Ա. Կարապետյանը նկատել է, որ հանձնաժողովի զեկույցի մեջ ներառված են միայն պաշտոնական փաստաթղթերը: Հանձնաժողովն, ըստ նրա, կազմել էր այն մարդկանց ցուցակը, ովքեր պետք է հրավիրվեին հանձնաժողով և պատասխանեին որոշ հարցերի: Դրանց շարքում են՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՊՊԾ պետ Գրիգորի Սարկիսյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որոնք 2008 թ-ի մարտի 1-ին որոշումներ են կայացրել և իրագործել դրանք, սակայն Նիկոյանը չի կարողացել ապահովել նրանց ներկայությունը:

ՆԺԿ ղեկավարը ընդգծել է, որ ըստ որոշ փաստաթղթերի, որոնք կազմվել են հիմնականում 2008 թ. փետրվարի 28-ին և 29-ին, ցույց են տալիս, որ մարտի 1-ի իշխանությունների գործողությունները նախօրոք ծրագրված են եղել: «Մարտի 1-ի առավոտյան իրագործված գործողությունը՝ Ազատության հրապարակում առանց քաղաքապետարանի թույլտվության անցկացվող խաղաղ ցույցի բռնի ուժով ցրումը, իշխանությունները նախապես ծրագրած են եղել: Իրականում ոչ մի ցուցարար ընդհանրապես ռազմամթերք և հրազեն չի ունեցել, իսկ դրանց առգրավումը ուղղակի վատ կազմակերպված շոու էր», ասել է նա, ու հավելել, որ իշխանությունները որևէ փոխզիջման չեն գնացել, որևէ քայլ չեն ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և դեպքերի հետագա զարգացումներից խուսափելու համար: Ցուցարարներին ուժով ցրելուց հետո, երբ նրանք հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ չեն տվել գալ ժողովրդի մոտ՝ պատճառաբանելով, որ թիկնազորն իրավունք չունի մասնակցել չարտոնված հանրահավաքին: Այդ դեպքում ինչու՞ են թիկնազորին թույլատրել մասնակցել նախորդ 10 օրերի հանրահավաքներին, որոնք նույնպես արտոնված չէին, ասել է Կարապետյանը: Նրա համոզմամբ, մարտիմեկյան դեպքերի ժամանակ «ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, ոչ համաչափ»:

ՆԺԿ ղեկավարի խոսքով, հանձնաժողովը 1,5 տարի անընդմեջ աշխատել է, փաստեր է հավաքել, պաշտոնյաների է կանչել հանձնաժողով հարցաքննության, սակայն վերջին պահին «պարզվեց, որ ամեն ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա»: «Իմ կարծիքով, մարտյան իրադարձությունների վերաբերյալ ներկայացրած այդ զեկույցը գրվել է նախագահականում», -հավելել է Ա. Կարապետյանը, նշելով, որ քաղաքական որոշում է ընդունվել անցկացնել զեկույցը, իսկ հանձնաժողովի անդամներին ստիպել են ստորագրել դա: