Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ռեկորդային մեծ օճառապղպջակների համար հեղուկի բաղադրատոմսի առանցքային բաղադրիչը երկար մոլեկուլներով հիդրոֆիլային պոլիմերներն են։ Այս հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին մշակել ալգորիթմ, որով կարելի է փչել ռեկորդային մեծ պղպղջակներ՝ մոտ 100 քառակուսի մետր մակերեսով, տեղեկացնում է N+1-ը՝ հղում կատարելով arXiv.org-ին։
Վերջին երկու տասնամյակում օճառապղպջակներ փչելու սիրահարները մի քանի անգամ մեծացրել են ստեղծվող թաղանթների ռեկորդային չափերը։ Ընթացիկ ռեկորդը պատկանում է ամերիկացի Գերի Փերլմանին (Gary Pearlman), որը 2015 թվականի հուլիսի 20-ին փչել է 96,27 խորանարդ մետրանոց պղպջակ։ Եթե այն վերածենք գնդի, ստացվում է, որ դրա տրամագիծը հավասար է եղել 5,7 մետրի, իսկ մակերեսը կազմել է մոտ 101 քառակուսի մետր։
Ամերիկյան Էմորի համալսարանի աշխատակիցները որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել օճառապղպջակների փչման խնդրի ֆիզիկան եւ քիմիան։ Նրանք օգտագործել են բավական պարզ համակարգված մոտեցում. ընտրել են բաղադրիչների տարբեր հարաբերակցություններ եւ ուսումնասիրել ստացվող նյութի հատկությունները տարբեր միջոցներով։
Հեղինակները եկել են այն եզրակացության, որ առավել կայուն պղպջակները ստացվում են պոլիմերների ոչ այնքան մեծ խտության դեպքում, ընդ որում՝ դա պետք է լինի տարբեր մոլեկուլյար քաշ ունեցող պոլիմերների խառնուրդ։ Դա ապացուցվել է կես տարվա ընթացքում թափանցիկ փաթեթի մեջ մնացած «հնեցված» պոլիէթիլենգլիկոլի ավելացմամբ, այդ դեպքում լույսը քայքայում է մոլեկուլյար կապերի մի մասը՝ ստեղծելով տարբեր երկարության մոլեկուլներ։ Այնուամենայնիվ, մանրամասն տեսություն, թե ինչու են հենց այդ չափերը համարվում օպտիմալ, առայժմ չկա։





























