Հայաստանում չեն կարող տեղի ունենալ արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական սցենարները, դրանցից պետք է զգուշանա Ադրբեջանը, որտեղ սուլթանական համակարգ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

NEWS.am-ի ճշտմանը, թե եթե Ադրբեջանում սուլթանական համակարգ է, ապա ինչպիսի՞ համակարգ է իշխում այսօր Հայաստանում, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Մենք գնում ենք դեպի ժողովրդավարացում, 20 տարիների պատմությունը ցույց է տվել, որ մենք, ինչքանով որ հնարավոր է` նորմալ ընտրություններ ենք անցկացնում, ՀՀ երեք նախագահներից ոչ մեկը Սահմանդրությունը չի փոխել ու դարձրել իր «հագով»: Կարծում եմ, որ հետագայում էլ նման պրոբլեմներ չենք ունենա»:

Նա առաջարկեց հետեւել ադրբեջանական մամուլին` նկատելով, թե թվում է, որ Ադրբեջանում դեռեւս 60-ական թվականներն են եւ երկրում իշխում է ալիեւների տոհմը: Ըստ Կարինե Աճեմյանի Հայաստանի խնդիրները ոչ թե քաղաքական են, այլ`սոցիալ-տնտեսական: Ճշտմանը, թե ո՞ր համակարգից է Հայաստանը գնում դեպի ժողովրդավարացում` տոտալիտա՞ր, ավտորիտա՞ր համակարգից, ՀՀԿ խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ո~չ, խորհրդային համակարգից: Եթե մենք քաղաքակիրթ հասարակություն ունենայինք, հասարակության մեջ առկա խնդիրները եթե չլինեին, մեք ավելի արագ կգնայինք դեպի ժողովրդավարացում»:

Նրա հետ բանավիճող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Հայաստանում իշխող վարչակազմը բնորոշեց որպես ավտորիար եւ տոտալիտար եւ այլ հակաժողովրդավարական ռեժիմների խառնուրդ, որը կապ չունի Հայաստանի գործող սահմանադրության հետ: