Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին լողում է ահռելի քանակությամբ պեմզա. այն այնքան շատ է, որ ջուրը փաստացի չի երեւում: Հրաբխային ապակու այս զանգվածը զբաղեցնում է 150 քառակուսի կիլոմետրից ավելի մակերես: Սա հավասար է 20 հազար ֆուտբոլային դաշտերի չափին, հայտնում է BBC-ն:
Ջրի մակերեւույթին դրեյֆող պեմզան հայտնաբերվել է օգոստոսի սկզբին ավստրալացի առագաստանավային սպորտի վարպետների կողմից:
Փորձագետների խոսքով՝ պեմզայի ահռելի ջրաբերուկն, ամենայն հավանականությամբ, Տոնգա կղզու մոտ ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանք է, որը արբանյակները գրանցել են օգոստոսի 7-ին:
Բոլոր նավերին եւ զբոսանավերին նախազգուշացվել է խուսափել Խաղաղ օվկիանոսի այս հատվածից:
Պեմզան ծակոտկեն հրաբխային ապակի է, որն առաջանում է գազերի արտադրման եւ լավայի արագ սառչելու հետեւանքով:
Առաջին հայացքից պեմզան նման է քարի, բայց քանի որ դրա ծակոտկենությունը հասնում է 80 տոկոսի, այն կարող է դրեյֆել ջրի մակերեւույթով:





























