Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանին: Նրան ձերբակալել են սեպտեմբերի 22-ին՝ մի քաղաքացուց 5000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար: Այդ գումարով նա պարտավորվել էր վերոհիշյալ քաղաքացու որդուն ընդունել հեռակա ուսուցման:
Հուլիսին Ճուղուրյանին վճարել էին 1000 դոլար, մնացած 4000-ը ստանալու պահին դասախոսը ձերբակալվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.թիվ 311 հոդվածի-ի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելը): Նախաքննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ի դեպ, Արմեն Ճուղուրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ է, թեեւ կուսակցությունում հայտարարել են, թե Ճուղուրյանին որոշ ժամանակ առաջ հեռացրել են քաղխորհրդից:




























