ԱՄՆ ԴՊՀ-ն մերժել է ամերիկյան Կենտրոնական բանկի նախկին անդամի կոչերը՝ դիմակայել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային օրակարգին՝ հրաժարվելով ընդառաջել նրան եւ նվազեցնել տոկոսադրույքները, տեղեկացնում է Reuters-ը։
ԴՊՀ մամուլի քարտուղարի խոսքով՝ կարգավորողն իր որոշումը հիմնավորում է բացառապես գնային կայունությունը եւ առավելագույն զբաղվածությունը պահպանելու շահերից ելնելով։ «Քաղաքական նկատառումները բացարձակ ոչ մի դեր չեն խաղում»։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Bloomberg News-ի հոդվածում ԴՊՀ Նյու Յորքի նախկին նախագահ Ուիլյամ Դադլին ԴՊՀ-ին կոչ էր արել ասել, որ այն չի «փրկի» ԱՄՆ վարչակազմին առեւտրային քաղաքականությունում թույլ տրված սխալների պատճառով։
«Կենտրոնական բանկի պաշտոնյաների առջեւ ընտրություն կա կատարելու. թույլ տալ Թրամփի վարչակազմին շարունակել առեւտրային պատերազմի կործանարար ճանապարհը կամ հստակ ազդանշան ուղարկել. եթե վարչակազմը վարվի այդկերպ, ապա նախագահն է ռիսկեր կրում, ոչ թե ԴՊՀ-ն, ներառյալ հաջորդ ընտրությունները տանուլ տալու ռիսկը,- գրել է Դադլին։- Եթե դրամավարկային քաղաքականության նպատակը լավագույն երկարաժամկետ տնտեսական արդյունքների հասնելն է, ապա ԴՊՀ պաշտոնյաները պետք է մտածեն, թե ինչպես իրենց որոշումները կազդեն 2020-ի քաղաքական արդյունքի վրա»։
Որպես Նյու Յորքի ԴՊՀ ղեկավար 2009-2018 թվականներին Դադլին եղել է ԴՊՀ կոմիտեի փոխնախագահը, որը որոշում էր ԱՄՆ-ում տոկոսադրույքների մակարդակը ֆինանսական ճգնաժամից հետո դժվար տարիներին, ինչպես նաեւ կառավարում էր տարածաշրջանային բանկը, որն իրականացնում էր այդ քաղաքականությունը շուկայում։
Տնտեսագետները քննադատել են Դադլիի հոդվածը՝ ընդգծելով, որ ԴՊՀ-ն չպետք է որոշումներ ընդունի տոկոսադրույքների մասին քաղաքականության հիման վրա եւ չպետք է օգտագործի դրանք՝ օգնություն ցուցաբերելու կամ վնաս պատճառելու համար նախագահի թեկնածուին։





























