Լիբանանի բանակի զինծառայողները կրակ են բացել իսրայելական սահմանախախտ անօդաչու թռչող սարքերի դեմ։ Այս մասին ասվում է հանրապետության ԶՈւ հրամանատարության հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al-Watania-ին։

Նրա տեղեկատվությամբ՝ անօդաչուներից մեկը հայտնվել է սահմանային Էդեյսա շրջանի երկնքում, իսկ եւս երկուսը՝ Քաֆր-Քիլա քաղաքի մոտ։ Նրանց վրա ցամաքից բացված ինտենսիվ կրակը ստիպել է դրանց հետ դառնալ Իսրայել։

Լիբանանի ԶՈւ հրամանատարությունն ավելի վաղ հրամայել էր երկրի հարավում տեղակայված զորքերին խփել Լիբանանի տարածք ներխուժած ԱԹՍ-ները։

Նախօրեին Լիբանանի պաշտպանության Բարձրագույն խորհուրդը, որի նիստը տեղի ունեցավ նախագահ Միշել Աունի նախագահությամբ, հաստատեց «լիբանանցիների իրավունքը՝ օգտագործել բոլոր միջոցները իսրայելական հարձակումներին հակադարձելու համար»։ Հանրապետության ԱԳՆ-ն բողոք է ուղղել Անվտանգության խորհուրդ՝ ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման, որը հաստատվել է ընդհանուր սահմանին ՄԱԿ ԱԽ 1701 բանաձեւով 2006 թվականի կոնֆլիկտից հետո։

Օգոստոսի 25-ին, գիշերային ժամերին  Բեյրութի հարավային հատվածի երկնքում ծովի կողմից հայտնվեցին իսրայելական երկու անօդաչու սարքեր։ Դրանցից մեկն ընկավ առանց վնաս պատճառելու, իսկ երկրորդը պայթեց օդում Մուավադ բնակելի շրջանում։ Վիրավորում ստացավ շիական «Հեզբոլլահ» կուսակցության  տեղեկատվական կենտրոնի երեք աշխատակից։

Կիրակի լույս երկուշաբթի գիշեր Իսրայելը անօդաչուների օգնությամբ երեք հարված է հասցրել Քուսայա շրջանին Լիբանանի արեւելքի Բեքաա հովտում, որտեղ գտնվում է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ – Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ - ԳՀ) արմատական խմբավորման բազան։