Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքը այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 հազար դրամ, ինչից հետո բախտ նայողը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ տա 60 հազար դրամ, որպեսզի ինքը կանխի վթարը, որին նա իբրեւ թե պիտի ենթարկվի։

Գայանե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հիմա ինքը գտնվում է բախտագուշակի տանը ու նրանից գումարը հետ են պահանջում, սակայն նրա աղջիկը ասել է, որ դանակը կմտցնի իր որովայնը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը եւ պարզել, որ Մարմարաշեն գյուղի 31-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Լաուրա Մ.-ն իր տանը բախտ նայելու պատրվակով Գայանե Հ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ հափշտակել է 66 հազար դրամ: