Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիեւը փաստաթուղթ է ստորագրել օգոստոսի 7-8-ը Կոյ-Տաշ գյուղում ստեղծված իրավիճակի ուսումնասիրման պետական հանձնաժողովի ստեղծման մասին, որտեղ այդ ժամանակ իրագործվում էր երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ուժային ձերբակալությունը: Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Փաստաթղթում նշվում է, որ այս կարգադրությունը վարչապետը կատարել է «2019 թվականի օգոստոսի 7-ին եւ 8-ին Կոյ-Տաշ գյուղում ստեղծված իրավիճակի օբյեկտիվ եւ բազմակողմանի ուսումնասիրման համար»:

«Պետական հանձնաժողովին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հարցն ուսումնասիրել եւ եզրակացություն պատրաստել Ղրղզստանի Գերագույն խորհրդին տեղեկացնելու համար»,- նշել են մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովը ղեկավարում է երկրի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, կազմում ընդգրկված են նաեւ պատգամավորներ, իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ: