Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռութ Դեւիդսոնը հինգշաբթի հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի թորիների դիրքերի թուլացմանը թագավորության հյուսիսում։ Իր որոշումը Դեւիդսոնը, որը 2018-ի հոկտեմբերին մայր էր դարձել, հիմնավորել է ընտանեկան հանգամանքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միեւնույն ժամանակ, քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ նման քայլի հիմնական պատճառը նրա անհամաձայնությունն է վարչապետ Բորիս Ջոնսոնի դիքորոշմանը Եվրամիությունից դուրս գալու հետ կապված։ Այն ժամանակ, երբ Դեւիդսոնը հանդես է գալիս եվրոպական ընկերակցությունում մնալու համար, կառավարության ղեկավարը խոստանում է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ գործարքով կամ առանց դրա։

«Վախենում եմ, որ ցանկանալով լավ առաջնորդ լինել՝ ես վերջին տարիներին վատ դուստր, քույր, գործընկեր եւ ընկեր եմ եղել... Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- ասվում է Թվիթերում Դեւիդսոնի տարածած պաշտոնական նամակում։

Նա խոստացել է  շարունակել «պաշտպանել կուսակցությունը, վարչապետին եւ Շոտլանդիայի տեղը Միացյալ Թագավորությունում», բայց խոստովանել է, որ տարաձայնությունները բրեքսիթի հարցում նույնպես դեր են խաղացել կայացրած որոշման մեջ՝ նշելով, որ ինքը «երբեք չի թաքցրել տարակարծությունները (վարչապետի հետ) բրեքսիթի առիթով»։

Sky News հեռուստաալիքի գնահատականով՝ նրա հեռանալը կարող է թանկ նստել Պահպանողական կուսակցության վրա, քանի որ առանց այս ուժեղ քաղաքական գործչի աջակցության կուսակցությունը կարող է զրկվել մի քանի պատգամավորական մանդատից գալիք ընտրություններում։ Հիմնականում շնորհիվ Դեւիդսոնի 2017-ի ընտրություններում կուսակցությունն ազգային խորհրդարան անցկացրեց 13 պատգամավոր 2015-ի 1-ի փոխարեն։

Հաշվի առնելով, որ այսօր թորիների առավելությունը Վեսթմինսթերում կազմում է ընդամենը մեկ պատգամավորական մանդատ, դա կարող է նշանակել, որ Պահպանողական կուսակցությունը վտանգում է կորցնել իշխանությունը, որը պահում է 2010-ից, իսկ կառավարություն ձեւավորելը կհանձնարարվի Լեյբորիստական կուսակցությանը։