Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից եւ դատավարությունից հետո ոչ մի բանով ժողովրդին հնարավոր չի զարմացնել, բացի մի բանից՝ եթե Նիկոլ Փաշինյանը իր մահափորձի վերաբերյալ թատերական ներկայացում կազմակերպի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը Նիկոլ Փաշինյանի համար «յամեռ» է, որ այս կողմից մտնում, մյուս կողմից դուրս են գալիս եւ երեւում է առողջական վիճակը, ինչ խնդիրներ ունի, որովհետեւ մենք տեսանք Փաշինյանի հոգեկան վիճակը եւ իր խնդիրները, անկախ դատական համակարգի մասին իր տեսլականը»,- նշեց նա

Արամ Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հանրության ուշադրությունը շեղելու համար էր, սակայն  ուշացած էր, արդյունք չի տալու։ 

«Այսօր ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական դեմք չունի, դեմքի մի մասը Սորոսինն է, մյուս մասը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանինը։ Պատահական չէ, որ այսօր Անդրանիկ Քոչարյանը խրոխտ մտնում է Կենտրոնի ոստիկանություն, պապայական խոսում ոստիկանապետի հետ, պատահական չէ նաեւ, որ նա է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ, որը շատ կողտոտ տարբերակ էր, չէր կարելի նման գործիք տալ Անդրանիկ Քոչարյանին։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ իշխանության  մեջ է մի մարդ, որի հաջորդ քայլը չենք կարող կանխատեսել, հետեւաբար շատ զգոն պետք է լինենք»,–ասաց նա։

Արամ Հարությունյանը համոզված է՝ պետք է գնալ արտահերթ ընտրությունների եւ «հաջորդ վարչապետին պետք է այս պառլամենտը չընտրի, քանի որ Նիկոլ Փաշինյանի մարդիկ են այնտեղ»։

Նա նաեւ վստահ է, որ պետք է երկիրը անցնի նախագահական համակարգի, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացվեն։