ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի և ամբիոնի վարիչի համատեղելիության խնդրով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Դիանա Գալոյանը։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը նախարարությանը խնդրել է պարզաբանել՝ արդյոք Միքայել Մելքումյանը կարո՞ղ է որպես ամբիոնի վարիչ պաշտոնավարել Տնտեսագիտական համալսարանում, թե՞ ոչ։

«Սպասում եմ պաշտոնական պատասխանի, երբ պատասխանեն, հարցին լուծում կտանք»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե Աշխատանքային օրենսգիրքն արդյոք չի՞ կարգավորում այդ հարցը, Գալոյանը պատասխանեց.

«Օրենքը մեկնաբանման կարիք ունի, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը համարվում է գիտամանկավարժական պաշտոն, և քանի որ պատգամավորի աշխատանքին կից կարելի է  իրականացնել նաև գիտամանկավարժական աշխատանք, բուհը  համարել է, որ պարոն Մելքումյանը կարող է պաշտոնավարել, այլ հարց  է` եթե հարցը դիտարկենք աշխատաժամերի հարթությունում։ Դրա հետ կապված դիմել ենք նախարարությանը»։

Գալոյանը նաև նշեց, որ ինքը որևէ ամբիոնի վարիչի՝ այդ թվում Միքայել Մելքումյանի պայմանագրի ժամկետը չի երկարաձգել։

«Պարոն Մելքումյանի պայմանագիրը կնքված է եղել նախկինում, նա ոչ իմ ժամանակ է նշանակվել, ոչ պարոն Հայրապետյանի, նա վաղուց է աշխատում Տնտեսագիտական համալսարանում և երկար տարիներ պատգամավոր է եղել»,– ասաց նա։

Նշենք, որ Միքայել Մելքումյանը երկար տարիներ զբաղեցնում է ՀՊՏՀ–ի միկրոէկանոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 29–ին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի և ամբիոնի վարիչի համատեղելիության խնդրով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Փաստաբանն իր վստահորդի տրամադրած տեղեկությունների հիման վրա հայտնաբերել է Մելքումյանի կողմից  պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի աշխատանք կատարելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության զանգվածային խախտումներ։ Կոչուբաևը խնդրել է ԱԺ նախագահին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով քննարկման առարկա դարձնել պատգամավորի կողմից էթիկայի կանոնները, ինչպես նաև պատգամավորի համար վճարովի այլ աշխատանքի անհամատեղելիության պահանջները չպահպանելու հանգամանքներին, տալ իրավաբանական գնահատական, ինչպես նաև առաջարկել Մելքումյանին կամ վայր դնել պատգամավորական մանդատը, կամ հրաժարական տալ ամբիոնի վարիչի պաշտոնից: