Բրեքզիթի գործընթացի վերահսկողությունը խորհրդարանին փոխանցելու հնարավորության մասին ընդդիմության հայտարարությունը մոլորեցնում է ԵՄ-ին եւ թույլ չի տալիս Բրյուսելին ստանալ միությունից դուրս գալու Լոնդոնի համար ընդունելի պայմաններ, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Ջոնսոնն առաջարկել էր ԵՄ առաջնորդներին փոխել համաձայնագրի տեքստը՝ հեռացնելով դրանից Իռլանդիայի սահմանի մասին դրույթները, ինչը խանդավառություն չի առաջացրել Բրյուսելի մոտ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 30-օրյա ժամկետ է սահմանել Բրիտանիայի համար բրեքզիթի հարցով նոր առաջարկներ մշակելու նպատակով: Միաժամանակ Ջոնսոնը թագուհու հորդորով դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, ինչը կարող է վտանգել մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ կազմից առանց համաձայնագրի երկրի դուրս գալը, եթե նոր գործարքը չհամաձայնեցվի եւ չընդունվի: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնց դուր չեն գալիս Ջոնսոնի քայլերը, հայտարարել են, որ մինչեւ խորհրդարանի աշխատանքի կասեցումը կունդունեն նոր օրենքներ, որոնք կկանխարգելեն առանց գործարքի բրեքզիթն ու կփոխանցեն դուրս գալու գործընթացի վերահսկողությունը խորհրդարանին:

«Ես վախենում եմ, որ մեր ընկերների եւ գործընկերների (Եվրոպայում) մեծամասնությունը կարծում են, որ բրեքզիթը կարող է դադարեցվել եւ որ Բրիտանիան կարող է կառավարվել խորհրդարանի կողմից: Այդ ամենը նվազեցնում է գործարքի՝ մեզ անհրաժեշտ պայմաններն ստանալու հավանականությունը»,- բրիտանացի լրագրողներին ասել է Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ բանակցությունների գործընթացն ընթանում է ամբողջ հունով:

Խորհրդարանը կսկսի աշխատանքը սեպտեմբերի 3-ին, որից հետո, ինչպես նշված է թագուհու նամակում, գործունեությունը կդադարեցվի սեպտեմբերի 9-ից մինչեւ ամենաուշը հոկտեմբերի 14-ը:

Խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու շուրջ Ջոնսոնի որոշումը քննադատության ալիք է բարձրացրել ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ հասարակ քաղաքացիների շրջանում: Ըստ YouGov ընկերության անցկացրած հարցման՝ բրիտանացիների շուրջ 27 տոկոսը սատարում է Ջոնսոնի որոշումը:

Ներկայումս բրեքզիթի շուրջ իրավիճակը հայտնվել է փակուղու մեջ. Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից մինչեւ հոկտեմբերի 31-ը, երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս համաձայնագրին, սակայն դեմ է նաեւ առանց համաձայնագրի բրեքզիթի իրականացմանը: Եվրամիությունը հրաժարվում է վերսկսել բանակցությունները եւ վերանայել համաձայնագիրը: Վերջերս Ջոնսոնը հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կտեւեն ընդհուպ մինչեւ վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը: