ԱՄՆ Ալաբամա նահանգի դատարանը որոշել է ազատ արձակել դատապարտյալին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել բուլկեղենի խանութը 50 դոլարից փոքր-ինչ ավելի գումարով կողոպտելու համար, հայտնում է BBC News-ը: 

1983 թվականին, երբ Էլվին Քենարդը 22 տարեկան էր, նա դանակի կիրառմամբ բուլկեղենի խանութ էր կողոպտել: Չնայած կողոպուտի հետեւանքով ոչ ոք չէր տուժել, Քենարդն, այդուհանդերձ, դատապարտվել էր ցմահ բանտարկության:

Մինչ այս կողոպուտը, Քենարդն արդեն պատասխանատվության էր ենթարկվել գողության համար, ինչը եւ դարձել էր նրա պատժի խստացման պատճառը:

58-ամյա Քենարդի փաստաբանը հայտնել է, որ տղամարդը կվերադառնա իր ընտանիք:

Տղամարդը մասնագիտությամբ հյուսն է եւ կփորձի կրկին աշխատանքի ընդունվել: