Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։35-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 60-ամյա Ավետիք Ա.-ն իր վարած «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Տեղում է նաեւ փրկարար հոգեբանը, որը վարորդի հետ հոգեբանական զրույց է անցկացրել։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները՝ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները։

ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված «Գազելը» սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ էլեկտրասյանը բախվելուց առաջ բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։