Առնվազն 24 մարդ վիրավորվել եւ 5 մարդ սպանվել է շաբաթ ամերիկյան Տեխաս նահանգի Միդլենդ եւ Օդեսա քաղաքների շրջանում տեղի ունեցած հարձակման հետեւանքով, հաղորդում է Fox News-ը:

Տեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

Կասկածյալը, որին ոստիկանությունում նկարագրել են որպես շուրջ 30 տարեկան սպիտակ մարդ, սպանվել է Օդեսայի կինոթատրոնում:

Օդեսայի ոստիկանապետ Մայքլ Ջերքի հաղորդմամբ՝ վիրավորվել է իրավապահ մարմինների երեք ներկայացուցիչ եւ առնվազն 21 քաղաքացի:

BBC News հեռուստաալիքը հաղորդում է, որ կասկածյալը փողոցում կրակ էր բացել անցորդների եւ ավտոմեքենաների ուղղությամբ: Այնուհետեւ նա լքել էր իր մեքենան եւ առեւանգել փոստային բեռնատարը, որից հետո շարունակել էր հրաձգությունը:

Կատարված արարքի մոտիվները դեռեւս հայտնի չեն:

Օդեսայի հիվանդանոցում նշել են, որ վիրավորներից է 2-ամյա երեխան, իսկ երկու վիրավորների վիճակը գնահատվում է որպես ծանր:

Դեպքի մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: