Առնվազն 31 մարդ է տուժել շաբաթ Հոնկոնգում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով: Հինգ մարդու վիճակը գնահատվում է որպես ծանր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով RTHK ռադիոկայանին:

Նախօրեին քաղաքի մի քանի շրջաններում տեղի են ունեցել արտահանձնման օրենքի դեմ ներկայացող ցուցարարների կողմից բազմահազարանոց չարտոնված բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել եւ ջրցան մեքենաներ արմատական ցուցարարներին ցրելու համար, որոնք փակում էին փողոցները, հրկիզում, ներտում պայթուցիկ հեղուկով շշեր կառավարության շենքերի վրա, աղյուսներով եւ մետաղական ձողերով հարձակվում ոստիկանների վրա:

Լույս կիրակի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգությունների 40 մասնակցի Prince Edward մետրոյի կայարանում: Հատուկջոկատայինները կիրառել են մահակներ եւ պղպեղի գազ ագրեսիվ տրամադրված ցուցարարների նկատմամբ, որոնք ստորգետնյա անցումում իրականացրել են վանդալիզմի գործողություններ եւ սադրանք:

Երկաթգծայի տրանսպորտի օպերատոր MTR կորպորացիան հաղորդել է, որ մետրոյի երեք կայարանները՝ Mong Kok-ը, Prince Edward-ն ու Kowloon Bay-ը, կիրակի փակ են լինելու անվտանգության նկատառումներով եւ հասցված վնասի հետեւանքով: Այսօր ցուցարարները պատրաստվում էին խոչընդոտել օդանավակայանում հասարակական տրանսպորտի աշխատանքը: Օդակայանի ադմինիստրացիան կոչ է արել ուղեւորներին ժամանել ճիշտ ժամանակին եւ հետեւել չվացուցակի փոփոխություններին:

Հունիսի 9-ից շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը տեղական իշխանությունների կողմից առաջարկված օրինագծի դեմ, որն ուղղված է Հոնկոնգից Չինաստան արտահանձնելու մեխանիզմների կանոնակարգմանն այն մարդկանց համար, որոնք խախտել են ՉԺՀ-ի օրենքները կամ գտնվում են հետախուզման մեջ: Հասարակության ճնշման ներքո ադմինիստրացիայի ղեկավար Քերի Լամը հեռացրել է օրինագիծն օրակարգից, սակայն դա չի դադարեցրել հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները սկսել են առաջադրել նաեւ մի քանի այլ պահանջներ: