Հայաստանի քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում պարզվել է, որ իրանցի գործարարին թալանած, Երևանի բնակիչ Հարություն Համբարձումյանը մեկ այլ հափշտակության դեպք էլ է կատարել:

Քննիչները պարզել են, որ նա այս տարվա օգոստոսի 14-ին ժամը 17:00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5 հասցեում գործող սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակառավարվող կազմակերպության աշխատասենյակներից մեկը և այնտեղ գաղտնի հափշտակել աշխատակցի՝ Արսեն Չ.-ին պատկանող «Այֆոն 6» բջջային հեռախոսը:

Հ. Համբարձումյանը խոտսովանել է, որ բջջային հեռախոսը ինքն է գողացել և վաճառել է իրեն անծանոթ անձի, իսկ գումարով հոգացել է անձնական կարիքները:

Էրեբունու ոստիկաններն ու քննիչներն ունեն հիմնավոր կասկածներ, որ Հ. Համբարձումյանը հնարավոր է կատարած լինի նմանատիպ այլ հանցագործություն կամ հանցագործություններ եւս: