Ավստրալիայի հարավում տարեց կինը մահացել է այն բանից հետո, երբ նրան կտցահարել է աքլորը, գրում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հավկիթ հավաքելու ժամանակ: Նշվում է, որ աքլորը ծակել է կնոջ վարիկոզային երակը, ինչի հետեւանքով նա արյուն է կորցրել եւ մահացել:  

Ադելաիդայի համալսարանից փորձագետ-քրեագետ Ռոջեր Բայարդի խոսքով՝ տնային կենդանիները կարող են վնասակար լինել տարեցների համար: «Օրինակ, տնային կատուները տարածված վտանգ են ներկայացնում տարեցների համար, ինչի մասին նրանք նույնիսկ չեն էլ կասկածում: Կատուները սիրում են քսմսվել ոտքերին եւ այդպիսով վնասում են տարեց մարդկանց»,- ասել է Բայարդը: Նա օրինակ է բերել մի դեպք, երբ տարեց կինը մահացել է այն բանից հետո, երբ կատուն քերծել է նրա ոտքը:

Հունիսին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող Մենիֆի քաղաքում ձեռնասուն առնետները 8 տարեկան երեխային վարակել են մահացու վտանգավոր հիվանդությամբ: Երեխան պահել է առնետներին 2 տարի: Չնայած նրան, որ առնետները չեն կծել, լորձի մեջ առկա հիվանդաբեր բակտերիաները ներթափանցել են երեխայի օրգանիզմ քերծվածքի միջոցով: Արդյունքում երեխան վարակվել է առնետի խայթոցի հետեւանքով առաջացած տենդով: Ավելի ուշ երեխայի մոտ ցան է առաջացել, ջերմությունը բարձրացել է մինչեւ 40 աստիճան, իսկ հոդերի ուժեղ ցավը խանգարել է քայլել: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, արդեն մեկ շաբաթ անց նրա վիճակը լավացել է: