Լիբիան անում Լոնդոնում տեղի ունենալիք կոնֆերանսի մասնակից երկրներին կոչ է անում լինել խաղաղապահ, ոչ թե պատերազմի դրդիչ: Այս մասին ասված է Լիբիայի ԱԳ փոխնախարար Խալեդ Քաիմի հայտարարության մեջ:
«Օտար երկրները չպետք է Լիբիային դրդեն քաղաքացիական պատերազմի: Միայն լիբիացի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր երկրի ապագան»,- Տրիպոլիում ասել է Խալեդը արտասահմանցի լրագրողներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը դիմել են լիբիացիներին կոչ անելով պատրաստվել նոր դարաշրջանի` առանց Մուամար Քադաֆիի:
Միջազգային ուժերը կոչ են անում Քադաֆիին, որի ռեժիմը կորցրել է լեգիտիմությունը, հանձնել իշխանությունը, իսկ նրա կողմնակիցներին «թողնել նրան, քանի դեռ ուշ չէ»:
Միաժամանակ, ընդդիմության ուժերը աստիճանաբար միջազգային ճանաչում են ձեռք բերում: Ֆրանսիայից հետո, Քաթարը ճանաչել է Ազգային անցումային խորհրդին որպես երկրի միակ լեգիտիմ իշխանություն: Ընդ որում, Քաթարը պայմանագիր է ստորագրել ապստամբների հետ, որի համաձայն Քաթարը կօգնի նրանց նավթ արտահանելու հարցում:
Նշենք, որ այսօր Լոնդոնում բացվում է Լիբիայի խնդրին նվիրված միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն 40 երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: Ռուսաստանը հրավիրվածների մեջ չկա:





























