ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն եւ իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը եւ այն գումարը, որը կասի Երեւան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երեւան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաեւ այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:
Դեպքի առթիվ Ոոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն միեւնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը եւ ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:





























