ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ բույսերի կարանտինի` Բագրատաշենի եւ Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու եւ պետությանը 22 549 280 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության անասնաբուժական և բույսերի կարանտինի Բագրատաշենի ու Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքների կատարումն ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերությունը, որի համար ստացել է 185.540.780 դրամ գումար:

Ձեռք բերված նյութերի համաձայն' «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերության տնօրեն Հ. Քեթցյանը կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22.549.280 դրամի աշխատանքներ և հսկիչ կետերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Միրզոյան և որդիներ» ՍՊ ընկերության աշխատակցի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:

ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը, հանդիսանալով պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ ստորագրել փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը: Այդպիսով պետությանը պատճառվել է 22.549.280 դրամի էական նյութական վնաս:

Հիշեցնենք, որ Վռամ Գյուլզադյանը ՕԵԿ պատգամավոր էր, սակայն, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր ընդդիմադիր դառնալու մասին, Գյուլզադյանը դուրս եկավ կուսակցությունից, եւ ստանձնեց գյուղնախարարությունում վարչության պետի պաշտոնը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափի), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի խարդախության օժանդակում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու համար: