Պակիստանն առաջինը միջուկային զենք չի օգտագործի՝ խոստացել է երկրի վարչապետ Իմրան Խանը՝ կապված Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա լարվածության հետ, որն առաջացել է Նյու Դելիի կողմից վիճելի Քաշմիրի իր մասից հատուկ կարգավիճակը հանելուց հետո, հայտնում է AP-ը։

«Մենք միջուկային զենք ունեցող երկրներ ենք։ Եթե այս լարվածությունը ուժեղանա, աշխարհը կարող է վտանգի մեջ հայտնվել։ Մենք դա առաջինը չենք անի»,- ասել է Խանը։

Քաշմիրում լարվածությունը սրված է, այստեղ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառում քարեր նետող ցուցարարների դեմ։

Քաշմիրին զրկելով հատուկ կարգավիճակից՝ Նյու Դելին արգելափակել է սեփական օրենքներն ընդունելու տարածաշրջանի իրավունքը եւ թույլ է տվել ոչ ռեզիդենտներին այնտեղ անշարժ գույք ձեռք բերել։ Դելին հայտարարել է, որ փոփոխությունը կնպաստի Քաշմիրի զարգացմանը, սակայն այս քայլը առաջացրել է տարածաշրջանի շատ բնակիչների դժգոհությունը եւ խստորեն դատապարտվել է Պակիստանի կողմից։