Հայ եւ թուրք երիտասարդները Եվրոպական ուսանողների ֆորումի (AEGEE) ջանքերով կմասնակցեն ճամբարային հավաքի՝ Թուրքիայի Հաթայի շրջանի (Կիլիկիա) Վաքըֆլը գյուղում։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

«AEGEE-Անկարան» հոկտեմբերի 8-14-ը Վագըֆլը գյուղում, որտեղ բացառապես ապրում են միայն հայեր, կկազմակերպի «Մի լեռան երկու կողմերը» անունով ծրագիր, որի շրջանակներում կլինեն տարբեր միջոցառումներ եւ ժողովներ։ Ճամբարին կմասնակցեն Հայաստանի եւ Թուրքիայի համալսարանների ուսանողներ՝ մոտ 50 հոգի։ Ճամբարի ավարտին՝ երիտասարդները կմասնակցեն Թուրքիայի Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։

AEGEE-ն կազմավորվել է 1985 թվականին Փարիզում։ Այն գործում է եվրոպական 43 երկրում։ Այդ կազմակերպության Անկարայի մասնաճյուղը ստեղծվել է 1995 թվականի ապրիլին։ Այդ մասնաճյուղն ունի 300 անդամ եւ AEGEE-ի ամենաակտիվ մասնաճյուղներից մեկն է։