Վայքում քաղաքացիները քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Վայքում հանքերի շահագործմանը եւ դրա հետ առնչվող ցանկացած քննարկման: Խոսքը Ազատեկի ոսկու հանքի մասին է, որը շատ մոտ է Վայքին:

Նշենք, որ Վայքի համայնքապետարանի շենքում նախատեսված էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք եւ Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ եւ թույլ չէին տալիս «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

«Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քաղաքացիները նշեցին, որ հանքերի շահագործման պատճառով չեն ցանկանում զոհեր ունենալ. «Եղել են մահվան մի քանի դեպքեր, ինչպես նաեւ խոշոր անասունները հանքից դուրս եկած ջուրը խմելուց հետո սատկել են: Ստուգենք Վայքում մահացության աստիճանը, թե քաղցկեղից քանի մարդ է մահացել»,-ասաց հավաքվածներից մեկը:

«Ես պաշտոնապես Վայքի անունից, բնակիչների անունից ձեզ վստահորեն ասում եմ՝ եթե անգամ բնակչության ընդամենը 1%-ը համաձայնի, ազնիվ խոսք, որպես դավաճան կճանաչենք ու չի ապրի Վայքում: Իսկ մասնագիտորեն, ինչ տիպի հանք ուզում է լինի՝ ստորգետնյա թե այլ, չի բացվելու: Չենք ուզում ոչ մի քննարկում լինի: Եթե մեզ նույնիսկ համոզեք, որ վնաս չի, մենք չենք ուզում, որ մեր քաղաքում ոչ մի տիպի հանք բացվի»,-  ասաց հանքի շահագործման թեմայով քննարկմանը մասնակցող բնակիչներից մեկը:

Ներկայացուցիչների խոսքով՝ նախագիծը պետք է ներկայացվի կառավարություն՝ փորձաքննության համար:

Քաղաքացիներն ասացին, որ ոչ մի վայքեցի կողմ չէ հանքի շահագործմանը թե՛ Վայքում, թե՛ Ազատեկում: «Ես նոր քաղաքապետի մոտ էի: Մեր քաղաքապետն ասում է՝ եթե իմ ժողովուրդը համաձայն լինի, ես դրա տակ կստորագրեմ, եթե համաձայն չի՝ ես նրա կողքին եմ»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները պաստառներ էին պարզել, որոն վրա գրված էր. «Մենք ենք Վայքի ոսկին», «Թույլ չենք տա վտանգել մեր առողջությունը»:

Նշենք, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հիմնադրել էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, սակայն, «Վայքգոլդ» ՍՊԸ-ում այս տարվա հուլիսին նոր բաժնետեր է հայտնվել: Այս անգամ բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվել է Լոնդոնում գրանցված «Գոլդֆիլդս հոլդինգ» ՍՊԸ-ին: