2018թ․ Եվրամիությունում մոտ 371 մլն եվրո օգտագործվել է ոչ նպատակային կամ անօրինականորեն յուրացվել է։ Այս մասին է վկայում տարեկան հաշվետվությունը, որը Բրյուսելում ներկայացրել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական ծառայությունը (OLAF)։

«Այդ միջոցները փուլերով կփոխհատուցվեն ԵՄ եւ միության անդամ երկրների համապատասխան իշխանությունների կողմից, որպեսզի նախագծերը օգուտ բերեն եւ լավացնեն բոլոր եվրոպացիների կյանքը»,- հայտարարել է OLAF-ի գլխավոր տնօրեն Վիլլե Իտալան, հայտնում է DW-ը։

Ինչպես նշվում է զեկույցում, OLAF-ի աշխատակիցների կողմից բացահայտված փաստերը մասնավորապես վերաբերում են Իտալիայում ապաստան որոնողների օթեւանների եւ սննդի հետ կապված նախագծերին։ Այսպես, փախստականները եւ միգրանտները ոչ միշտ են ստացել օրենքով իրենց հասանելիք սնունդը եւ մի շարք դեպքերում ստիպված են եղել ժամկետանց սնունդ օգտագործել։ Քննիչներն այս փաստերը կապել են կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեության հետ։ Իտալիայի մաֆիայի դեմ պայքարի դատախազությունը հետաքննություն է սկսել 84 մարդու հանդեպ։

2017թ․ OLAF-ի կողմից հայտնաբերված ոչ նպատակային ծախսերի ծավալը մոտ 10 անգամ ավելի մեծ է եղել եւ գերազանցել է 3 մլրդ եվրոն։