ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը երբեւէ չի խոչընդոտել որեւէ մեկին աշխատանքից ազատելուն, սա առաջին դեպքն է, եւ հարցը վերաբերում է ոչ թե 30 հոգու, ինչպես պնդում են, այլ 5 հոգու, որոնցից մեկը նաեւ արհկոմիտեի գործավարն է։ Այս մասին ասված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին ուղղված NEWS.am-ի հարցման պատասխանում։

«Իմ կարգադրությունից հետո առ այն, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության համար ԵՊՀ աշխատակիցներից պետք է գանձումներ իրականացնել միայն այն պարագայում, երբ ԵՊՀ աշխատակիցները գանձումների վերաբերյալ համապատասխան դիմումներ են ներկայացրել կամ ԵՊՀ ռեկտորին, կամ գլխավոր հաշվապահին, ԵՊՀ արհկոմիտեի նախագահը պնդեց, որ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված չէ, որ առանց աշխատակիցների համաձայնության նման գանձումներ լինեն։ Խնդիրը լուծելու համար որոշվեց խզել կոլեկտիվ պայմանագիրը՝ համաձայն պայմանագրի 8.6 կետի․ «Կոլեկտիվ պայմանագրի լուծումը կատարվում է կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ այդ մասին գրավոր նախազգուշացնելով մյուս կողմին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ»:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը երբեւէ չի խոչընդոտել որեւէ մեկին աշխատանքից ազատելուն, սա առաջին դեպքն է, եւ հարցը վերաբերում է ոչ թե 30 հոգու, ինչպես պնդում են, այլ 5 հոգու, որոնցից մեկը նաեւ արհկոմիտեի գործավարն է։ Նշենք նաեւ, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունն իր լիազորությունների սահմաններում. խզվում է միայն կոլեկտիվ պայմանագիրը»,-նշված է հարցման պատասխանի մեջ։

Ավելի վաղ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ցանկանում է խզել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։ ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյաի պնդմամբ՝ Գեղամ Գեւորգյանն դա անում է, որ զանգավածային ազատումների հարցում ոչ մի խոչընդոտ չլինի։

Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում սուտ որակեց այն պնդումը, թե ինքն ասել է, որ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված չէ, որ առանց աշխատակիցների համաձայնության նման գանձումներ լինեն․

«Նախ կարգադրություն չի, հրաման է, որը հակասում է ՀՀ Արհեստակցական միությունների մասին օրենքին 24-րդ հոդվածի երկրորդ մասին, քանի որ օրենքի տրամաբանությունից բխում է, որ Արհեստակցական կազմակերպության անդամը դիմում պետք է ներկայացնի ոչ թե ռեկտորի ԺՊ-ին, այլ արհմիության նախագահին, իսկ գլխավոր հաշվապահին դիմում ներկայացնելը արդեն զավեշտի ժանրից է, գլխավոր հաշվապահն ինչ գործ ունի արհմիության անդամի դիմումի հետ: Ամբողջովին սուտ է այն պնդումը, թե ես ասել եմ, որ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված չէ, որ առանց աշխատակիցների համաձայնության նման գանձումներ լինեն։ Ես պնդել եմ, որ անդամավճար գանձելու համար արհեստակցական կազմակերպության անդամը պարտավոր չէ դիմում գրել ռեկտորի ԺՊ-ին, դա կամայական եւ ոչ իրավաչափ պահանջ է: Այնպես որ անդամավճարի հետ կապված խնդիր չկա, այն մտացածին է: Ռեկտորի ԺՊ-ի այս դիրքորոշումը ուղղված է ԵՊՀ աշխատողների ուշադրությունը բուն խնդրից շեղելու եւ այլ կեղծ օրակարգի ստեղծելու համար: Ռեկտորի ԺՊ-ի խնդիրը մեկն է լուծել ԵՊՀ աշխատողների իրավական երաշխիք հանդիսացող կոլեկտիվ պայմանագիրը նրանց ցանկացած պահի առանց խոչընդոտների աշխատանքից ազատելու համար: Իսկ եթե կոլեկտիվ պայմանագրի որեւէ կետ խնդրահարույց է պետք է այդ կետը վերանայել կամ փոփոխել ոչ թե ամբողջ պայմանագիրը խզել եւ վերացնել աշխատողների իրավական եւ սոցիալական երաշխիքներ: ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության համար առաջնահերթություն է աշխատողների իրավական շահերի պաշտպանությունը, որն այս պահին վտանգված է ԵՊՀ-ում, մնացյալը երկրորդական է: Եթե իր ասելով խոսքը ընդամենը 5 հոգու մասին է ապա ինչո՞ւ էր արհեստակցական կազմակերպությանը գրություն ուղարկում 29 հոգու ազատելու համար, ովքեր ի շնորհիվ արհմիության արժանապատվորեն շարունակում են աշխատել»: