Պահպանողական պատգամավորները, որոնք քվեարկել էին բրիտանական խորհրդարանի օրակարգի փոփոխության օգտին, չնայած երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչին, տորիների խորհրդարանական խմբակցությունից  հեռացվել են եւ չեն կարող հաջորդ ընտրություններում կուսակցությունը ներկայացնել, հայտնել են վարչապետի գրասենյակից, փոխանցում է BBC-ն:

Չորեքշաբթի Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել էր խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխության օգտին եւ Համայնքների պալատին օժտել էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետը ավելի ուշ տեղափոխելու օրինագծի քննարկման իրավունքով:

Ջոնսոնը խորհրդարանականներին կոչ էր արել դեմ քվեարկել: Պահպանողական կուսակցությունն իր անդամներին նախազգուշացրել էր, որ այն դեպքում, եթե չլսեն կուսակցական կազմակերպիչներին եւ քվեարկեն օրակարգի փոփոխության օգտին, կզրկվեն կուսակցությունը ներկայացնելու իրավունքից:

Վտարված պատգամավորների թվում են Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, բրիտանական խորհրդարանի վետերան Կեն Քլարկը, ինչպես նաեւ Ֆիլիպ Հեմոնդը, որը եղել է ԱԳ, պաշտպանության եւ տրանսպորտի նախարար, իսկ Թերեզա Մեյի կառավարությունում զբաղեցրել է գանձապետարանի կանցլերի պաշտոնը:

«Ես ընդդեմ կառավարության եմ քվեարկելու անչափ ծանր սրտով»,- քվեարկությունից առաջ ասել է Սոմսը:

Չորեքշաբթի օրակարգի փոփոխության օգտին է քվեարկել Պահպանողական կուսակցությունից ընդհանուր 21 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն  բրեքսիթի շուրջ բանակցությունների հետաձգման օգտին:

«Ես ընտրությունների անցկացում չեմ ցանկանում, բայց եթե պատգամավորները վաղը քվեարկեն այն բանի օգտին, որ կասեցնեն բանակցությունները եւ հասնեն եւս մեկ անիմաստ հետաձգման, դա կլինի խնդրի լուծման միակ հնարավորությունը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջարկել ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 14-ին: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է հոկտեմբերի 31-ին: