Նախատեսվում է Էջմիածնում ունենալ «խելացի կանգառներ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նա լուսանկարներ է հրապարակել եւ ներկայացրել այդպիսի կանգառների նախնական տարբերակը:

«Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով.

Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր),

Էլեկտրոնային սարքերի լիցքավորում,

Անվճար Wi-Fi,

Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ,

Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ,

Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար,

Վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար,

Բանկոմատ, վճարային տերմինալ,

Գովազդ,

Ստենդ անվճար հայտարարությունների համար,

Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 6-8 այդպիսի կանգառ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ «խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը»,-գրել է նա: