Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները՝ բողոքելով կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած «Երեխաների քաղաք» ծրագրի դեմ։
Ցուցարարներից Ռուդոլֆ Զաբրոզյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ եթե խոցելի խմբերին հավաքեն մեկ տեղ, մի վայրում, դա կբերի սեգրեգացիայի, խտրականության։
«Ստացվում է մեր կառավարությունը որոշում է կայացնում, հող է հատկացնում, բարեգործական ծրագիր է իրականացնում, բայց մեր կարծիքը չի հարցնում։ Այս ծրագիրը, եթե իրականացվի, կոտնահարի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Դա չի լինելու վերականգնողական կենտրոն։ Մենք պահանջում ենք հետ կանչել տվյալ որոշումը»,–նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ շատ են այնպիսի ծրագրերը, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան միջավայր ստեղծելուն, Ռուդոլֆ Զաբրոզյանը նկատեց՝ «միջավայր են ստեղծում, ոչ թե առանձին վայր»։
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներից մեկն էլ նշեց, որ ինքը ներառական կրթության ջատագով է. «Մենք փորձել ենք մանկապարտեզներում, դպրոցներում ներառվել եւ հաջողության ենք հասել։ Երբ ես ասում եմ երեխային, որ ստեղծվում է մի քաղաք, որտեղ բոլոր հարմարությունները կլինեն, նա պատասխանում է, որ ինքը իրավունք ունի ապրել այնտեղ, որտեղ ցանկանում է, իսկ հարմարեցումները թող մեր քաղաքում ներդնեն»։
Ցուցարարները եկել էին «Ոչ առանձնացմանը, այո ներառմանը», «Ոչ մեկուսացմանը» պաստառներով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի կառավարության նիստում որոշում էր կայացվել Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հողամասեր տրամադրել, որտեղ նախատեսում է կառուցել «Երեխաների քաղաք»։
Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն էր հայտնել «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:




























