Ցեղասպանության ճանաչման գործընթացի իրականացումը Հայաստանը պետք է թողներ Սփյուռքին¸ և սխալ էր այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկված չէր:
«Լուծումներից մեկը կլիներ վերադառնալ հին ձևաչափին և ասել¸ որ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության հարց չէ: Բայց արդեն ուշ է հիմա¸ քանի որ փակուղու մեջ ենք մտել¸ և այդ փակուղուց դուրս գալու հնարավորություն չունենք: Ես չեմ կարծում¸ որ հիմա դա կարող ենք անել¸ կարծում եմ¸ որ կորցրել ենք մի խաղաքարտ¸ որը հետ բերելը դժվար կլինի: Սփյուռքի համար ավելի լայն դաշտ կա¸ որովհետև մենք պետություն չենք մենք պարտավորություններ չունենք¸ և ինչ ուզենք¸ կարող ենք անել¸ բայց նույնը չի կարող անել Հայաստան պետությունը»¸- նշել է Հ. Սառաֆյանը, հավելելով, որ ի տարբերություն ցեղասպանության խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հայաստանի գործն է:
ՍԴՀԿ ներկայացուցչի ներկայացմամբ, ճիշտ կլիներ, եթե Հայաստան-Սփյուռք հանձնաժողով ստեղծվեր¸ որտեղ կարելի կլիներ քննարկել յուրաքանչյուրի անելիքը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Սփյուռք կատարելիք այցին, Հ. Սառաֆյանը նշել է. «Մտավախությունն այն է, որ այն վերածվի PR կամպանիայի և ասեն, որ Սփյուռքը համակարծիք է»: Նա նաեւ հավելել է, որ Սփյուռքի հետ հանդիպումները պետք էր կազմակերպել 3 ամիս առաջ:




























