Քիչ առաջ Կենտրոնի քննչական բաժինը խստացրել է ՀԱԿ ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մեղադրանքը: Առաքելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 258 հոդվածով (Խուլիգանություն), բայց քննիչ Հրաչյա Սարգսյանը մեղադրանքը խստացրել է եւ վերաորակել 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Նոր հոդվածը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում:
Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց խստացման փաստը:
Տիգրան Առաքելյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ լուրջ առողջական խնդիրներ ունի՝ մասնավորապես տեսողության հետ կապված: Նրա մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա:
Առաքելյանին ձերբակալել են հուլիսի 5-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Հուլիսի 1-ին Աբովյան փողոցում ոստիկանները հարձակվել եւ ծեծի էին ենթարկել ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդներին, ինչից հետո Տիգրանն ու եւս երկու հոգի տեղափոխվել էին վերակենդանացման բաժանմունք: Այնուհետ քր.գործ էր հարուցվել Տիգրան Առաքելյանի դեմ:




























