Թուրքիայի բարձրագույն լիգայի «Բուրսասփոր» — «Դիարբեքիրսփոր» հանդիպման ժամանակ ծեծկռտուք եւ անկարգություններ են տեղի ունեցել, որի պատճառով «Դիարբեքիրսփոր» ակումբի նախագահը հայտարարել է լիգայից դուրս գալու մասին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թուրքական բարձրագույն լիգայի հերթական հանդիպումը Բուրսա քաղաքում ավարտվել է խոշոր անկարգություններով։ «Բուրսասփորի» եւ «Դիարբեքիրսփորի» երկրպագուների միջեւ բախման հետեւանքով վիրավորվել է 10 հոգի՝ այդ թվում երեխաներ։ «Դիարբեքիրսփոր» ակումբի նախագահը հայտնել է, որ իրենց վիրավորել է «Բուրսասփորի» երկրպագուների ագրեսիվ պահվածքը եւ այն հայտարարությունները՝ իբր իրենց դեմ խաղում է ոչ թե «Դիարբեքիրսփորը», այլ PKK-ն։ «Բուրսասփորի» երկրպագուները եկել էին խաղին պաստառներով, որի վրա գրված է եղել «Անիծվի PKK-ն» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ «Դիարբեքիրսփորի» նախագահը ասել է, որ այնպիսի տպավորություն էր մարզադաշտում, որ կարծես խաղում են Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամները ընդդեմ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության)։ «Դիարբեքիրսփորի» նախագահը հերքել է նաեւ այն, որ իր ակումբի ղեկավարներից մեկը խաղից հետո տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ասել է, որ Հայաստանը հաղթելու է Թուրքիային։
NEWS.am-ը հիշեցնում է, 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում։ Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23։00-ին։




























