«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված երկրները մինչեւ հոկտեմբերի 10-ը կանեն ամեն բան, որ գործընթացը կանգ չառնի»,- սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Համոզմունք հայտնելով, որ նախաստորագրյալ արձանագրություններում փոփոխություններ այլեւս չեն արվի, «Ժառանգության» ներկայացուցիչն այլ հարց համարեց՝ կվավերացվե՞ն դրանք ներկա բովանդակությամբ, թե՞ ոչ։ Եթե դրանք այնուամենայնիվ, վավերացվեն, հայկական կողմը, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, կկանգնի լուրջ խնդիրների առջեւ։ Դրանցից ամենավտանգավորը, նրա խոսքերով, կլինի պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը։ «Ու թեպետ իշխանությունները քաջ գիտակցում են, որ արձանագրություններում բազմաթիվ վտանգավոր դրույթներ կան, այնուամենայնիվ, չեն ուզում տեսնել դրանք»,- հայտարարեց նա։
Անդրադառնակով Սերժ Սարգսյանի՝ սփյուռքի հետ նախատեսվող հանդիպումներին եւ որակելով դրանք իբրեւ «խայտառակ ուշացած քայլ»՝ Ստեփան Սաֆարյանը ընդգծեց, որ նման կերպ սփյուռքի կարծիքի հետ հաշվի նստելու իմիտացիա կստեղծվի, եւ խիստ զգուշ կազմակերպված հանդիպումներին ներկա կլինեն միայն նախագահի համախոհները։
Չբացառելով, որ «Ժառանգությունը» կարող է միասնաբար հանդես գալ ՀՅԴ-ի հետ, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրենց շատ տեսակետներ համընկնում են։
Վերջում վկայակոչելով հավաստի աղբյուրները՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են ոչ թե արտգործնախարարների, այլ երկու երկրների նախագահների մակարդակով։




























