«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ, նախաձեռնել է համահամայնքային քննարկումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող քննարկումներում ՀՀ մարզերում բնակվող քաղաքացիներին լիարժեքորեն ներգրավելու եւ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով:

Մարզային քննարկումների շարքում առաջինը սեպտեմբերի 28-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայացած 1.5 ժամ տեւողությամբ քննարկումն էր: Քննարկմանը ներկայացվել են հետեւյալ 5 թեմաները. «Լուռ ապաշրջափակում», «Բաց սահման պահանջատերերի միջեւ», «Արեւմտյան ճակատում` անփոփոխ», «Շահումն ու շահողը` անհայտ», «Քայլ ձիով»:

Քննարկումներն ընթացել են տարբեր սեղանների շուրջ, յուրաքանչյուր սեղան ունեցել է իր համակարգողը, մասնակիցների հնչեցրած յուրաքանչյուր կարծիք արձանագրվել եւ մուտքագրվել է համակարգիչ:

Քննարկումների ավարտից հետո մասնակիցները քվեարկել են հետեւյալ երկու հարցի շուրջ. «Հայաստան – Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի» եւ «Հայաստան – Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական»:

Համահամայնքային քննարկումների այս շարքը կայանալու է հանրապետության բոլոր մարզերում: Քննարկումների ավարտից հետո արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն ՀՀ իշխանություններին եւ հասարակությանը:

Համահամայնքային քննարկումների հաջորդ վայրը Եղեգնաձորի մարզն է: