Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ու երկու երկրների ղեկավարներին հրավիրել Ստրասբուրգ՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնելու համար։ Այս մասին աշնանային նստաշրջանի բացումից առաջ սեպտեմբերի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը։ Նրա խոսքերով, ԵԽԽՎ արել է ամեն հնարավորը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսություն սկսելու համար, սակայն վրացական կողմի ներկայացուցիչները որոշել են չշարունակել հանդիպումները ռուս դիվանագետների հետ։

«Ես ուզում եմ լինել հնարավոր միջնորդ, նաեւ խորհրդարանական մակարդակով»,- հայտարարել է դե Պուչը, միեւնույն ժամանակ նշելով , որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկել ձգտում է ոչ թե Եվրոպայի խորհուրդը, այլ պատգամավորների մի փոքր խումբ։

Նշենք, որ այսօր Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: Աշնանային նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը։ Վեհաժողովը կքննարկի նաեւ 72 պատվիրակների կողմից առաջ քաշված Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը։