Ֆինլանդիան աջակցում է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը, հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում նախագահներն ասել են, որ իրենց ուշադրության կենտրոնում է եղել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, նաեւ թուրք-ֆիննական հարաբերությունների հարցերը, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով YLE.fi-ն:

Նախագահ Հալոնենը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ձգտումը համեմատել է ամուսնություն կնքելու հետ: «Այժմ կարեւոր է ոչ միայն ամուսնության օրը, այլ թե ինչպիսին կլինի ԵՄ-ի եւ Թուրքիայի ամուսնությունը»,- ասել է նա եւ հավելել, թե ԵՄ ներսում անհրաժեշտ է գլուխ հանել, թե ինչու են որոշ երկրներ դեմ արտահայտվում:

Նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է թե հուսով է, որ Թուրքիան յուրօրինակ «ոգեշնչման աղբյուր» կլինի մահմեդական այլ երկրների համար: «Մահմեդական երկրները կարող են մեզնից ընդունել այն, ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին եւ ազատ շուկային»,- ասել է նախագահ Գյուլը: