Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քննարկվելու է այսօր Իտալիայում մեկնարկած «մեծ ութնյակի» գագաթաժողովում: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգնական Արկադի Դվորկովիչը:
Նրա խոսքերով, թեեւ ԼՂ հակամարտությունը ննքարկվելու է, սակայն ոչ լայն իմաստով: «Առաջնորդները միայն կներկայացնեն իրենց տեսակետները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ»: ՌԴ նախագահի օգնականը մեկ անգամ եւս բարձրաձայնել է կարգավորման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետը եւ նշել, որ Ռուսաստանը հակամարտության շուտափույթ կարգավորման հույսեր է փայփայում, քանի որ կան դրական քայլեր այդ ուղղությամբ: «Մենք լավ գործընկերային եւ հարեւանական հարաբերություններ ունենք թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ»,- նշել է Դվորկովիչը: Օգնականը նաեւ նշել է, թե Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցը շատ դրական էր: «Հուսով ենք, որ Ալիեւի՝ Մոսկվա կատարելիք այցը եւս հաջող կլինի»,- ասել է Մեդվեդեւի օգնականը:



























