Հոկտեմբերի 1-ից սկսվող Սերժ Սարգսյանի Սփյուռքի գաղթօջախներ այցելությունների շրջանակներում ՀՀ նախագահը Լիբանանի մայրաքաղաքում առանձնազրույց է ունենալու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամլո դիվանը:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ: «Հայտնենք, որ առաջիկա շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը պիտի այցելի նաեւ Լիբանան եւ այդ առիթով առանձին հանդիպում պիտի ունենա Վեհափառ Հայրապետին հետ»,- ասված է Անթիլիասի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից սկսած՝ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա համահայկական ուղևորություն է կատարելու Սփյուռքի գաղթօջախներ, մասնավորապես՝ Բեյրութ, Փարիզ, Լոս Անջելես, Նյու Յորք, Դոնի Ռոստով եւ այլն: Այցելության նպատակը սփյուռքի ներկայացուցիչների հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկումն է: Նշենք, որ Սփյուռքում այդ արձանագրությունները ոչ միանշանակ են ընդունվում, անգամ բողոքի ակցիաների տեղիք են տվել: