Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի Սեն-Անտուան բաստիոնի վրա կտեղադրվեն «Հիշողության լապտերներ»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ինչպես նշում է շվեյցարական «Tribune de Geneve»-ը, այս գաղափարն առաջարկվել է 2008 թ.-ին, իսկ իրականացումը նախատեսվում է 2013 թ.։ Լապտերների նախագծող հեղինակն է ֆրանսահայ Մելիք Օհանյանը։   

Ըստ ծրագրի՝ բաստիոնի տարածքում կտեղադրվեն 8 մետր բարձրությամբ 9 «Հիշողության լապտերներ»։ Հեղինակի մտահղացմամբ՝ նրանք չեն լուսավորելու տարածքը, իսկ լուսատուի տեղում ամրացվելու են չժանգոտվող մետաղից «արցունքներ»։ Լապտերների վրա կփորագրվեն հայերեն եւ ֆրանսերեն տեքստեր, իսկ գիշերային լուսավորությունը լինելու նրանց վրա։ Այսպիսով լապտերները «կհրավիրեն» գիշերում ճեմողներին իրենց մոտ մտորելու եւ կարդալու տեքստերը։

Այս աշխատանքը ներկայացվել է մարտի 29-ի մամուլի ասուլիս ժամանակ, որի բանախոսներից է եղել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, ով վերջին տարիներին նաեւ բնակվում է Շվեյցարիայում։

«Ես շատ գոհ եմ, որ հայկական աշխատանք կներկայացվի նաեւ իմ բնակավայր Շվեյցարիայում»,- ասել է աշխարհահռչակ շանսոնյեն՝ անվանելով նախագիծը՝ հուսադրող եւ միտված ապագային։

Շվեյցարիայի հայ համայնքը նախագծի իրականացման համար կտրամադրի 400 հազար շվեյցարական ֆրանկ, իսկ ժնեւի քաղաքապետարանը 100 հազար։ Բաստիոնում «Հիշողության լապտերներ»-ի նախագծային մրցույթում մասնակցել են 8 նկարիչներ, ժյուրին միաձայն հավանություն է տվել Օհանյանի աշխատանքին։