Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օգնական Արտակ Սահակյանի դանակահարության հետ կապված NEWS.am-ին հաջողվել է հավաստի աղբյուրներից մի շարք ուշագրավ մանրանասներ պարզել: 34-ամյա Արտակ Սահակյանը, ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մարտի 18-ին դանակահարվել է եւ կրծքավանդակի մասում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել Մալաթիա բժշկական կենտրոն:
Ըստ ոստիկանության, «պարզվել է, որ նույն օրը ժամը 02:45-ին, Գայանե Վ-ն հաղորդում է տվել, որ մարտի 18-ին, ժամը 23:00-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Իշխան Պ-ն դանակով մի քանի անգամ հարվածել է Արտակ Ս-ի կրծքավանդակին եւ պատճառել նշված վնասվածքը:
Հարուցվել է քրեական գործ` ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը) , Իշխան Պ-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է»:
NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ կալանավորվածը նույն դատարանի աշխատակցուհիներից մեկի սկեսրայրն է, իսկ միջադեպը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Ըստ այդմ` սկեսրայրը Գայանե Վ-ին «բռնացրել է» Արտակ Սահակյանի հետ ինտիմ հարաբերության պահին եւ դանակահարել վերջինիս:
NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Սահակյանի բուժող բժիշկ Արմեն Վարժապետյանը հայտնեց, որ Սահակյանը օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Նա հայտնեց, որ Սահակյանը հիվանդանոց է ընդունվել ծանր մարմնական` կրծքավանդակի եւ ձախ ուսագոտու շրջանում ստացած կտրած-ծակած վնասվածքներով: «Վնասվել է ձախ թոքը, ստոծանին եւ որովայնի խոռոչը: Պացիենտը ենթարկվել է մի շարք վիրահատությունների, կատարվել է կրծքավանդակի ձախ պլեվրալ խոռոչի հատում, թոքի կարում, որովայնահատում, վնասված ստամոքսի կարում»,-ասաց բժիշկը եւ հավելեց, որ քանի որ ստացած վնասվածքները խորն են, հիվանդն այժմ ապաքինման փուլում է:
Հարցին, թե Արտակ Սահակյանը հայտնե՞լ է, թե ինչի հետեւանք են իր տացած մարմնական վնասվածքները, Ա,Վարժապետյանն ասաց, որ ոչ:
«Նման թեմայով մենք չենք զրուցել, ինքն էլ ինֆորմացիա չի տրամադրել, քանի որ դա մեր գործին չի առնչվում»,-նկատեց բժիշկը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, տեղի ունեցած միջադեպը Սուրիկ Կոստանյանի աշխատակիցների հետ կապված առաջին սկանդալային պատմությունը չէ: Մի քանի ամսի առաջ էլ նույն դատարանի նախկին դատավորներից մեկը` Կարեն Ստեփանյանը Սուրիկ Կոստանյանի հետ վեճից հետո նրա աշխատասենյակում կտրել էր իր դաստակի երակները: Իսկ որոշ ժամանակ նա պաշտոնանկ արվեց:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























